| |
Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը գաղափարական ու բարոյական օժանդակությամբ Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, արվեստաբան Ռուզան Սարյանի, գրականագետ Ավիկ Իսահակյանի, ճարտարապետ, նկարիչ-տառաստեղծ Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի, նպատակ ունենալով.
1. լուսաբանել թամանյանական դպրոցի ճարտարապետների կառույցների գեղարվեստական արժեքը, ընդգծել դրանց տեղն ու նշանակությունը հայոց մշակույթում, ազգային նկարագրի ձեւավորման գործում, ներկայացնել դրանք որպես մարդու կայացման եւ մարդկային հարաբերությունների ձեւավորման միջավայրի ազդեցիկ բաղկացուցիչներ,
2. սերմանել այդ կառույցների նկատմամբ սրտացավ վերաբերմունք, բեւեռել հանրության ուշադրությունը դրանք պահպանելու անհրաժեշտության վրա
3. շեշտել այդ ստեղծագործությունների հիմքում դրված գեղագիտական սկզբունքների նկատմամբ անտեսման եւ արհամարհանքի անթուլատրելիությունը, հայտարարում է բաց լուսանկարչական մրցույթ`
«Թամանյանի ժառանգությունը»
խորագրով
Նախաձեռնող խմբի կողմից
Մենք, ներքոստորագրյալներս, դիմում ենք հանրությանը, մտահոգված լինելով Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների ճարտարապետական եւ քաղաքաշինական զարգացման հեռանկարներով։ Ներկայումս այդ հեռանկարների տեսանելի շարունակությունը տանում է դեպի մեր քաղաքների ճարտարապետական կերպարների աղավաղում, գավառականացում եւ նույնիսկ դեպի բացարձակ քաոսականացում: Բարոյական ու հոգեւոր ճգնաժամի այս ժամանակաշրջանում մեր աչքի առաջ պետական մարմինների թողտվությամբ եւ հասարակության անտարբերության պայմաններում մեր քաղաքները օրստօրե զրկվում են իրենց գեղագիտական ու պատմական ինքնությունից, որը տասնամյակների ընթացքում կերտել են մեր ճարտարապետության երախտավորները, դարձել մեր պատմության դրամատիկ իրադարձությունների ականատեսը: Մեկը մյուսի ետեւից ոչնչացվում են արժեքավոր կառույցներ, անգամ նրանք, որոնք ունեն ճարտարապետական կամ պատմական հուշարձանի կարգավիճակ: Դրանց փոխարինելու են գալիս անհոգի, ավանդույթներն անտեսող, հորինվածքային միասնությունը, միջավայրը, անգամ տարրական բանականությունն արհամարող շինություններ, որոնք կործանարար են մեր քաղաքի կերպարի ու վարկաբեկիչ՝ մեր ստեղծագործ ազգի համար: Մի շարք շենքեր էլ, թեեւ խուսափում են ոչնչացումից, սակայն ենթարկվում են ճակատների քաղքենիական վերափոխման՝ չարչիական երեսապատմամբ ու կցակառույցների հավելմամբ։ Արդյունքում մեր քաղաքները վերածվում են անճոռնի, անհեթեթ շինությունների գերիշխմամբ կազմված բնակատեղիների` վտանգավոր ու վնասարար, թե՛ հոգեկան եւ թե՛ ֆիզիկական առողջության համար:Հատկապես ցավալի է, երբ ընդարձակ հնարավորություններ ունեցող պատվիրատուները, հաճախ, հավանությունը տալիս են անճաշակ, անհոգի, ավանդույթներն արհամարող նախագծերի, երբ ներմուծվում են օտար քաղաքաշինական այնպիսի միտումներ, որոնց սնանկությունը ակներեւ է դարձել հենց դրանց ծնած մշակույթներին։ Հաշվի առնելով վերոհիշյալը մենք կոչ ենք անում հանրությանը, պետական պաշտոնյաներին եւ անհատներին անտարբեր չմնալ մեր քաղաքների ճակատագրի նկատմամբ, ձայն բարձրացնել օտար ու կասկածելի ճարտարապետական գաղափարների տարածման դեմ, նվազեցնելու համար դրանց կործանարար ազդեցությունը մեր քաղաքների կերպարների վրա եւ աջակցել «Թամանյանի ժառանգությունը» ֆոտոմրցույթի կայացմանը` որպես գեղեցիկը, արժեքավորը, ազգայինը պահպանելու և հանրահռչակելու կոչված արդյունավետ նախաձեռնություն:
Ռուզան Սարյան արվեստաբան, Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն
Ավիկ Իսահակյան գրականագետ
Տիգրան Խզմալյան կինոռեժիսոր
Ռուբեն Հակոբյան (Թարումյան) ճարտարապետ, նկարիչ-տառաստեղծ
Հայկ Թամանյան ճարտարապետ, Ա. Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն
|